Vahe Hovhannisyan

Description
Founder of Alternative Projects Group, Armenia
Այլընտրանքային նախագծեր խմբի հիմնադիր
Advertising
We recommend to visit

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @Hrr06hh @miiliionn

Last updated 1 month, 3 weeks ago

❤️‍🩹. @ananyannn

Last updated 18 hours ago

@reklamasrtov
канал не продается!!!

Last updated 2 days ago

2 weeks ago


Ինչ շարժում է սկսվում


Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե  մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային հանրության համար։
 Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ։ Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է։ Մենք ուզում ենք ներսում կարգավորել մեր տունը, մաքրել այն, դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից։ Եվ հենց նմա'ն շարժումը բնականորեն պետքէ խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը։

Ինչի պետք է հանգեցնի շարժումը

Հենց լինի կոնսենսուս ու լայն գիտակցում՝ ներքին հաշտության և ազգային արժանապատվության վերագտնման, անմիջապես ձևակերպվելու է նոր իշխանության սուր պահանջը։ Նոր միջավայրը պահանջելու է նոր իշխանություն։ Սա շաբաթների խնդիր է, թող ոչ ոքի չթվա, թե սա անժամկետ պրոցես է։ Այս պահի էմոցիաներից մենք պետք է կարողանանք աճեցնել և ձևակերպել քաղաքական հարցեր, տալ քաղաքական հարցերի լուծման ճանապարհային քարտեզ։

Ինչի դեմ ենք ոտքի ելել

Հայ հասարակության զգալի մասն առայժմ էմոցիոնալ մակարդակի վրա է մերժում գյուղ տալը, բայց չի հասկանում, թե որն է դրա իրական այլընտրանքը։ Նրան ամեն կողմից ներարկում են, որ այլընտրանք չկա՝ կա'մ զիջում է, կա'մ պատերազմ։ Զիջումը չի պատկերացնում ինչ է, իսկ պատերազմ բնականաբար չի ուզում։ Հենց սրա համար է նախ պետք բացատրել, որ թափ առնող շարժումը Հայաստանի' մասին է, մե'ր մասին է, և որ վերագտնված Հայաստանը բնականաբար շարունակելու է բանակցություններն Ադրբեջանի հետ, և դա անելու է արդեն որպես սեփական շահը գիտակցող պետություն։ Բայց մինչև այդպետք է կետ առ կետ, բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով բացատրել, որ.   1. Առանց ամբողջական սահմանազատման անթույլատրելի է Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց շփման գոտում տարածքների միակողմանի հանձնումը,
2. Հանձնման այս պրոցեսը բերելու է ՀՀ ԶՈւ պաշտպանական գծի կազմաքանդմանը, ինչը ոչ թե պակասեցնելու, այլ հակառակը մեծացնելու է պատերազմի վտանգը, 3. Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջական սահմանազատումը պարտադիր է զերծ մնալ զորքերի տեղաշարժից և սահմանագծման աշխատանքներից, 4. Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, և վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո միայն իրականացնել սահմանագծում։   Շատ կարևոր է արձանագրել, որ այս վիճակը ո'չ թե 2020\-ի պատերազմի, այլ՝ 2021\-իընտրությունների հետևանքն է։ Սա մեզ կհուշի ճիշտ քաղաքական լուծումը։ Սա, ամենից բացի, մեզ կհուշի նաև, թե ընդդիմադիր իրապես լայն համախմբման ճանապարհին ինչպես խուսափել նախկին կոպտագույն սխալներից։ Այսօր “ընդդիմադիր գետնի վրա" արդեն բոլորովին նոր իրավիճակ է, բնական պրոցեսի արդյունքում նոր անուններ ու գործիչներ են առաջ եկել, մարդկանց մոտ բոլորովին նոր որակի դիմադրության տրամադրություն կա, և այս ամենի հետ պարտադիր պետք է հաշվի նստել մի կողմ թողնելով հինունոր բոլոր վեճերը ու նաև հավակնությունները։ 

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

2 weeks, 3 days ago

Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի

Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոցու ասել, որ սա մեր եկեղեցին է։
Երկու օր է նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։ Կարծում եմ ժամանակն է, որ մենք մեր կյանքին ու մեր շուրջը տեղի ունեցողին չնայենք որպես ֆիլմ, այլ լինենք դերակատար։
Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ եկեղեցու դեմ չեն արշավ սկսել, այլ կոնկրետ իշխանությունը մեր հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մեր սովորական մարդկանց դերակատարումը ճիշտ պատկերացնելու համար պետք է հիշեցնել, որ սա այն եկեղեցին է, որտեղ.

  1. Մկրտվել ենք մենք
  2. Պսակադրվել ենք
  3. Հուսահատված պահին օգնություն ենք խնդրել
  4. Մոմ ենք վառել ու աղոթել ամենանվիրական բաների համար
  5. Մկրտել ենք մեր երեխաներին
  6. Մեր հոգևորականների բառերի ներքո երկնային կյանք ենք ճանապարհել մեր հարազատներին
  7. Ամենաուրախ պահերին շնորհակալություն ենք ասել

Վերջապես պատերազմի օրերից այս եկեղեցու հոգևորականներն են մտել տուն առ տուն, ու փրկել հազարավոր մարդկանց խելագարվելուց։
Այս եկեղեցին է, որ թույլ չի տալիս, որ մենք վերջնականապես վերածվենք անասունի, հանրային բարոյականության ու «չիկարելիի» գծեր է պահում։
Ի դեպ, Վրաստանն իրեն բաժին հասած պատմական աղետից դուրս եկավ մեծապես նաև վրաց եկեղեցու շնորհիվ, որը և՜ միավորեց, և՜ հորդորեց, և՜ ներքին հաշտության մղեց, և՜ մարդ մնալ պարտադրեց։ Մենք գնալու ենք նույն ճանապարհով։ ՄԱՐԴԸ պետք է լինի եկեղեցու կողքին։
Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը։ Որովհետև եկեղեցի կառուցելըենթադրում է` պահպանել եկեղեցին կեղտոտ արշավանքներից, հակառակ դեպքում նրանք կլինեն ուղղակի որպես կառուցապատողներ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

2 weeks, 4 days ago

Քաղաքականությունն ընդդեմ արյան գետերի

Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։
ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանը հանրահավաքներից մեկում հարթակից պատմել էր, որ Տավուշում անտառից փայտ կտրողների ցույցի ժամանակ Նիկոլը ուժայիններին ասել էր. «ուզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։ Հիմա հանդարտ-սիրուն Տավուշ մեծ աղետ բերվեց։

Միակ ճանապարհը՝ հակադրվել քաղաքականությամբ

Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ, ու նաև այն պատճառով, որ «մեծարգոյի» դիմաց քաղաքական համակարգ չկա, որ նրա ձեռքը բռնի։ Մեր դիմադրությունը չի կարելի թողնել մի Սրբազանի, մի խումբ գործիչների ու «300 տավուշցիների» հույսին։ Սա շատ քիչ է։ «300 սպարտացիների» պատմությունը վաղուց էր ու միֆական։ Առանց կազմակերպված քաղաքական համակարգի ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու մեր պայքարին։ Ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու հետպատերազմյան փուլին։ Ո՞նց ենք դուրս գալու այս դժոխքից, խուսափելով պատերազմից, չէ՞ որ ՄԵԿ հոգին ու, նրա պասով, ողջ Արևմուտքն ընդունեց, որ դա Ադրբեջան է և վերջ։ 
Հասել ենք այն կետին, որ, ըստ էության, արդեն քաղաքական կուսակցությունները, գործիչները, խմբակցություններն են ասում՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իրենց վարքագծով և բովանդակությա՜մբ են այդպես ասում։
Եթե մենք պետության պահպանումը չդարձնենք քաղաքական թեմա և չվերածենք քաղաքական պրոցեսի իր բովանդակությամբ և իր գործիքակազմով, ապա մենք կամ կունենանք պայքարի իմիտացիա (Արցախի շրջափակման ամիսների պես), կամ արկածախնդրություն (դրա նշաններն արդեն կան), կամ լավագույն դեպքում՝ ազնիվ մղումներով գործի տապալում։ Այս վիճակում միակ ուշադրության արժանի և արժեքավոր խոսքը քաղաքական բովանդակությունն է, քաղաքական լուծումների առաջարկը, հարցի քաղաքական շեշտադրումը։ Սուտ է պնդումը թե առաջնորդներ չկան, դրա պատճառով է այս վիճակը։  Կոնկրետ Տավուշում (կամ Տավուշից) իրական պայքարի մեջ ձևավորվում են լիդերներ՝ Բագրատ Սրբազան, Գառնիկ Դանիելյան, Սուրեն Պետրոսյան և այլոք։ Մեր պայքարը պետք է լինի քաղաքական\-համապետական, հարցադրումները և քայլերը պետք է լինեն մաքուր քաղաքական.   1.     Այս փաստաթուղթը ծնվել է նենգաբար այն պահին, երբ Հայաստանում ձևակերպվում էին լուրջ առաջարկներ իրավիճակը շտկելու համար. ինչո՞ւ, ինչպե՞ս։
2.     Ունե՞ր արդյոք Մ. Գրիգորյանը լիազորություն նման թուղթ ստորագրելու։ 3.     Այս փաստաթուղթը ակնհայտորեն մեկ օրում չի գրվել, և ՀՀ իշխանությունները մինչև վերջին օրը խաբել են ժողովրդին։ 4.     Այս ԱԺ\-ն այլևս ոչինչ չունի քննարկելու, բացառությամբ Տավուշում ստեղծված իրավիճակի։
5.     Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ունենա լրջություն` թույլ չտալու Տավուշում «արյան գետեր», որևէ արկածանդրություն, որևէ լոկալ պայքար։ Սա գյուղերի հարց չէ, սա ՀՀ պետականության հարցն է։
6.     Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է ծայրահեղ բարդ վիճակում՝ նախապես հայտարարելով, որ այդ տարածքները Ադրբեջանինն են, և այդ փաստն ի գիտություն է ընդունվել միջազգային հանրության կողմից։ 
7.     Անհրաժեշտ է սկսել քաղաքական ինտենսիվ կոնսուլտացիաներ՝ բոլոր ունակ ուժերի, միավորների, անհատների մասնակցությամբ։ Ձևավորել պայքարի լայն ձևաչափ՝ հանրային բոլոր շրջանակների մասնակցությամբ։ 
8.     Այսօր ամենալուրջ քաղաքականությունը ապակուսակցական շարժումն է, որտեղ կբարձրացվեն 1-6 նշված հարցերը, (սրանք շատ կարևոր հարցեր են, շատ բաների վրա լույս սփռող) ու հանրությանը կոգևորեն ու կտանեն երկրում քաղաքական խորքային փոփոխությունների։

Ծայրահեղ արկածախնդրություն կլինի պրոցեսի լոկալացումը կամ կենցաղայնացումը՝ Տավուշի խնդիր կամ տավուշցու, Կիրանցի խնդիր՝ կիրանցու, Ոսկեպարի և այլն։ Փաստաթղթի նենգ ծնունդ արդեն բոլորիս դրել է ծայրահեղ վտանգավոր վիճակում, միակ ելքը քաղաքական փոփոխություններն են, որոնք կբերեն լարվածության թուլացման՝ երկրի ներսում, և երկրի սահմաններին։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

2 months, 2 weeks ago


Խոպանչիների կառավարություն

Քանի որ «խոպանչիների հարկի» թեման այսօր փառահեղ մեկնաբանվեց կառավարության նիստում, և հասարակությունն այն քննարկում է տարբեր տեսանկյուններից, փորձեմ մեկ տեսանկյուն էլ ես առաջարկել։
Կա վարկած, որ արտագնա աշխատողների հարկման թեման բարձրացվում է ԵԱՏՄ հանդեպ Հայաստանում բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Վերջում ասվելու է՝ մեղավորը ԵԱՏՄ-ն է։ Բայց սա ուղղակի վարկած է։
Ինչ խոսք, արդար և խիստ հարկահավաքությունը կենսունակ պետության պարտադիր պայմանն է։ Բայց դրա զուգահեռ թեման բյուջեի վերահսկողությունն է։ Յուրաքանչյուր անհատ հարկատու, ու հասարակությունը՝ որպես հավաքական հարկատու, իրավունք ունեն հարցնելու. իսկ բյուջեի ափռցփռ ծախսերը՝ մեկ աղբյուրից գնման ճանապարհով, հասարակության հետ ճշտվե՞լ են։ Խոսքը ահռելի թվերի, բազմաթիվ միլիարդների մասին է, որոնք անվերջ կոռուպցիոն ենթատեքստեր է պարունակում։ Դեգեներատ միջոցառումների համար միլիոնավոր դոլարներ ծախսելիս ո՞ւմ եք հարցրել։ Ավինյանի երդմնակալության վրա ծախսված մոտ հարյուր միլիոնը քաղաքացու հետ ճշտվե՞լ է։ Բարձրաստիճան պաշտոնյաների համար անվերջ գնվող թանկարժեք մեքենաները, առանձնատների և կաբինետների թանկարժեք վերանորոգումները, և այլն, և այլն։ Մեր երկրում մնացե՞լ է արդյոք բյուջեի վերահսկման որևէ մեխանիզմ։
Սա շատ կարևոր է պահ է։ Եթե մենք հարցին չնայենք այս տեսանկյունից, ապա «խոպանչիների հարկը» չի լի լինելու վերջինը, և միայն նրանց չի ասվելու՝ եթե հարկ չեք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլեք, երթևեկեք։ «Մենքը» ո՞վ է, «մերը» ո՞րն է։ «Մեր» սարքած Լաչինի ու Քարվաճառի ճանապարհներով երբ գնում էիք Շուշի՝ երդմնակալության արարողություն կազմակերպելու, դո՞ւք չէիք սարքել ճանապարհները, էդ պատճառո՞վ էդքան հեշտ հրաժարվեցիք մեր երկրից։
Ցանկացած աբսուրդ հարկատեսակ կարելի է հնարել ու արդարացնել նույն տրամաբանությամբ։ Օրինակ.

1.     «Հղիների հարկ». ինչո՞ւ պետք է մեկ հոգին՝ մայրը, երկու հոգու  ծանրությամբ քայլի մեր մայթերով, չէ՞ որ «մեր» ասֆալտը մաշվում է։ Կամ ինչո՞ւ մեկ հոգին երկու հոգու փոխարեն պետք է մեր թթվածինը շնչի, ջուրը խմի։
2.     Արցախցիների վրա կարելի է դնել տուրիստական նոր «city tax»։ Բա ինչո՞ւ պետք է «մեր» փողոցներով քայլեն, «մեր» 29800 ք/կմ–ի վրա ապրեն։
3.     «Չմեծարման հարկ». նա, ով հրաժարվում է Մեծարգո վարչապետ ասել, պետք է հարկ մուծի։
4.     «Հայրենիքի հարկ». ով շարունակում է Արարատը մերը համարել, երազել նրա մասին կամ նայել նրա կողմ, լրացուցիչ կհարկվի։
5.     «Հիշողության հարկ». ցեղասպանության մասին հիշելը, Արցախի մասին հիշելը, Ամարասը, Գանձասարը հիշատակելը ևս հարկման ենթակա է։

Երբ պետությունը կորցնում է իր կենսագործունեության տրամաբանական ընթացքը, ապա ամեն աբսուրդ բան հնարավոր է, և ոչ միայն հարկերի մասով։ Վերջում՝ մի շատ վտանգավոր երանգի մասին, որը դեռևս աննկատ մնաց՝ ներհասարակական նոր բաժանման, նոր բարիկադի նոտան՝ արտագնա հայ, այստեղ ապրող հայ, «մեր ու ձեր» ճանապարհ և այլն։ Իրենց հայտնի ռեպերտուարի մեջ են։

Հ.Գ. Այնուամենայնիվ, խոպանը մի կողմ. սոցիալական թեմաները կարևոր են, սակայն ես չեմ բացառում, որ այս կապիկություններն արվում են իրականում Ֆրանսիայում արած վտանգավոր հայտարարություններից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Երեկվանից հետո Նիկոլի հայտարարությունների շնորհիվ Հայաստանը հայտնվել է բոլորովին նոր, ծայրահեղ վտանգավոր վիճակում, և բոլոր ընդդիմադիր ուժերն այսօր պարտավոր են կենտրոնանալ և վերջապես իրենց դրսևորել որպես քաղաքական միավորներ։ Մենք պարտավոր ենք ադեկվատ արձագանքել նոր իրողություններին։ Սրա մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

2 months, 2 weeks ago


Հայաստանըառանց դաշնակից, շրջապատված հուզված կարեկցողներով     Մենք ազգովի հպարտանում ենք 80 տարի առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գնդակահարված Միսաք Մանուշյանով (և ճիշտ ենք անում), բայց չգիտենք 6 ամիս առաջ, սեպտեմբեր 19\-20 Արցախում հերոսական կռիվ տված մոտ 250  մեր զոհված տղերքի անունները, որոնք կանգնեցին ադրբեջանական զորքի դիմաց՝ շատ լավ  հասկանալով, որ գնում են գնդակահարության։ Գիտեին, որ մենակ են ու զոհվելու են, որովհետև այսօրվա Հայաստան պետությունը մեր հայրենիքն ամբողջությամբ չի ընկալում, ու այսօրվա Հայաստանը չունի որևէ դաշնակից։ Ոչ միայն տղաների անունները չգիտենք պետական մակարդակով, չենք էլ հիշում նրանց, չենք գիտակցում նրանց արածը, նրանց վերջին արցախյան հերոսամարտը, չենք հիշում նրանց երեխաների, ընտանիքների, նրանց Մելինեների մասին։
Մենք հպարտանում ենք, որ Մանուշյանը հայ է, ու ֆրանսիացիք նրան պատվում են, իսկ մեր 44-օրյա պատերազմից հետո 5 հազար զոհերի հուղարկավորությունը, մասունքների ԴՆԹ ինդենտիֆիկացիան, անհետ կորածների փնտրտուքն ուղեկցվում էր Երևանի աղմկոտ և ուրախ ռեստորաններով, այդ թվումպետական բարձրաստիճան պաշտոնյաների։ Մեկ շաբաթ առաջ 4 զոհ ենք տվել, և այսօր հատուկենտ անհատներ են այդ մասին հիշում։ Ֆրանսիական դիմադրության հայ հերոսով հպարտանում ենք, և ճիշտ էլ անում ենք, բայց «հերոսաբար» Արցախ ենք կորցնում ասես ոչ մի լուրջ բան չի եղել։ Մենք խոսում ենք դիմադրության ազնիվ ու վեհ գաղափարից, բայց Արցախ կորցնելուց հետո իշխանությունից գոնե մեկը հրաժարական չտվեց, որպես անհատական դիմադրություն,  իսկ հայոց խորհրդարանում Արցախ կորցնելուց մեկ շաբաթ անց հանդարտ, խաղաղ նիստ էր, որի տրամաբանական շարունակությունը զուգընկերոջ ու կուսության հարցի քննարկումն էր ։ Սա է մեր պետական մտածողության որակը։

Դաշնակիցնե՞ր, թե՞ կարեկցողներ

Հայաստանը դաշնակիցների փոխարեն ձեռք է բերում կարեկցողներ։ Մանուշյանի պատվումը Փարիզում ուղեկցվում էր հակառուսական դեմարշների նոր ալիքով ու անտեղի ձևակերպումներով, որոնք դաշնակից չեն ավելացնելու, բայց թշնամի՝ հաստատ։ Նիկոլի ձևակերպած «ցլերի» քանակը մենք մեր ձեռքով ավելացնում ենք։ Պոտենցիալ դաշնակից Ռուսաստանից մենք սարքում ենք թշնամի Ռուսաստան։ Պոտենցիալ դաշնակից Ֆրանսիայից՝ կարեկցող Ֆրանսիա, պոտենցիալ դաշնակից Իրանից մենք գնում ենք նոր թշնամի կամ նվազագույնը` դիտորդ ստանալու ճանապարհով։
Սխալվելու ենք այնքան, որ Վրաստանից էլ ստանանք ոչ բարյացակամ երկիր՝ որպես կողքից մի նոր փոքր «ցլիկ»։
Միայն Նիկոլի Հայաստանը կարող է պաշտոնապես ողջունել տարածաշրջանային 3+2 ձևաչափը, բայց շեշտը դնել եվրոպական դիտորդների վրա, որոնց դեմ հանդես են գալիս տարածաշրջանի նույն այդ բոլոր պետությունները։
Հայաստանին դաշնակից է պետք, ոչ թե կարեկցող։ Դաշնակից ձեռք բերելու և պահելու համար խելք, ստրատեգիական մտածողություն ու աշխատանք է պահանջվում, իսկ կարեկցող ունենալու համար՝ կարեկցանքի անվերջ առիթներ և հուզական էքշն։ Պետական մտածողություն չունեցող ժողովուրդները բոլոր ժամանակներում միշտ աղետների են հասնում, միշտ ծնում են արկածախնդիր իշխանություններ և ոչ պետական մտածողությամբ էլիտաներ։ Արատավոր, աղետաբեր շրջան է, որից դուրս պրծնելու համար մեզ քիչ ժամանակ է մնացել։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

2 months, 2 weeks ago


Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 3

«Ռեսուրս չկա»

Այն, որ այս հանրային ռեսուրսի հաշվին ահռելի կապիտալի տեր դարձած շրջանակները «ռեսուրս չունեն» պայքարի համար, մենք արդեն անգիր գիտենք։
Այն, որ Արցախի շնորհիվ կապիտալի տեր դարձածները «ռեսուրս չունեն» սեփական հայրենիքի փրկության համար, դա արդեն նույնպես գիտենք։
Այն, որ հայկական խոշոր բիզնեսը մինչև վերջին պահը դուրս չի գալու իր կոմֆորտից, դա էլ գիտենք։
Ռուսահայ և արևմտահայ կապիտալը կսկսի աշխատել միայն այն ժամանակ, երբ նրան «կասեն». սա արդեն բոլորին պարզ է։ Ովքե՞ր են ասողները, և ինչո՞վ են առաջնորդվելու «ասելիս», սա էլ մի առանձին խնդիր է։

Պետք է ընդունել, որ սա այսօրվա խնդիր չէ. այսպես եղել է 100, 200, 300 տարի առաջ և գուցե ավելի վաղ։ Նախորդ դարերում էլ հայ մեծահարուստները չէին սիրում փող տալ ինքնապաշտպանական ջոկատների, զենք առնելու, պայքարի և համախմբման համար։ Իհարկե, կա կարևոր վերապահում. կամովին գուցե չէին տալիս, բայց պայքարը կար, և պայքարողները նրանցից այդ ռեսուրսը որևէ մեթոդով ստանում էին։
21-րդ դարում նույնպես կապիտալը և պետականության զգացումը մեծ մասամբ չեն համագործակցում։

«Պծիչկա դնել» հայրենասերի սյունակում

Հայ կապիտալը կարող է փող չտալ հայրենիք պահելու համար, բայց հայրենիքը կորցնելու հետո կարող է հայրենակցական միություններ, սոցիալական ճաշարաններ, օտար վայրերում կիրակնօրյա դպրոցներ ֆինանսավորել, մշակույթի տներ սարքել և այդպիսով «պծիչկա դնել» հայրենասերի իր սյունակում։
Սա է մեր պետական մտածողության պատմական դեֆեկտը, որը ձգվում է դարերի խորքից։
Վստահ են շուտով կբացվեն նաև Արցախի հայրենակցական միություններ,գուցե անգամ մի քանի՝ իրար հետ մրցակցող-հակամարտող՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Ճարտար, Հադրութ և մեր շքեղ հայրենիքի շքեղ բնակավայրերի անուններով հայրենակցական ակումբներ և այլ հազար տեսակի գրող ու ցավ։ Ու մեծ քսակից մի փոքր գումար հատկացրած մեծահարուստները կհամարեն, որ հոգու պարտքը կատարեցին՝ ամեն ինչ հայրենիքի համար։

Այսօրվա Հայաստանում 100-ից ավել մարդ աճուրդային հայտ է ներկայացնում նախնական 50 հազար դոլարով «մաշնի համար» առնելու համար։ Մոտ 800 հոգի էլ՝ այլ գնային կատեգորիաներում։ Այսինքն, նման հիմար բաների համար միլիոնավոր դոլարների ազատ փող կա մի մեծ խումբ մարդկանց մոտ մի երկրում, որը գերիներ ունի Բաքվի բանտերում, որի մի մեծ հատված մի քանի ամիս առաջ ենք կորցրել, որտեղ վերջին կռվից ու պայթյունից 450 զոհ՝ հայր, եղբայր, երեխա կորցրած ընտանիքներ կան, որտեղ անտուն, անշոր հարյուր հազարներով երեխեք կան, որտեղ աղետի գոտում տնակներում ապրողներ կան, որտեղ նոր Եռաբլուր կա, որտեղ սահմանին հարցեր կան՝ հեշտ վառվող կացարաններ և թշնամու դեմ կանգնած թերզինված զինվոր ու սպա կա, բուժման փող չունեցողներ կան և այլն, և այդպես շարունակ։

Ռեսուրս պետք է, և ռեսուրս կա

Հանրային լուրջ, արդյունավետ պրոցեսներ գեներացնելու, շարժումներ սկսելու և հաջողության հասնելու համար ռեսուրս է պետք։ 
Մեր պայքարը հաճախ ստանում է գրոտեսկային երանգ, երբ երեխային մեծացնելու կոպեկներ չունեցողի կողքին իբր պայքարում են միլիոնների եկամուտներ ու ահռելի ֆինանսական ռեսուրսներ ունեցողները։ Սա իբր պայքար է, սա ուս-ուսի պայքար չէ, որովհետև հերթական միտինգից կամ շարժումից  հետո  մեկը մնում է իր սուր կենցաղային հոգսերի հետ, աշխատանք կորցնում կամ հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի ու առանց ընտանիքի ապրուստի միջոցի, իսկ կողքին «պայքարող» ապահովները շարունակում են իրենց կյանքը՝ մի սեզոն Ֆրանսիայի հրապարակ, մի սեզոն՝, Լոս, Դուբայ, Եվրոպա և այլ ռեժիմով։ Սա պայքար չէ։ Ու իսկապես չի հասկացվում՝ ով է հայրենիքի համար պայքարում, ով՝ սեփական գույքի։
Ու թող ոչ ոք չասի, թե փոփոխությունների համար, այդ թվում՝ նոր իշխանության ձևավորման պրոցեսի համար ռեսուրսներ պետք չեն։ Վրաստանը իր ազգային փորձանք դարձած Սահակաշվիլուց ի վերջո ազատվեց Իվանիշվիլու շնորհիվ, որը թե´ մոդերատոր էր, թե´ խոշոր միջոցներ դրեց գործի համար։
Իհարկե, այսպես չի մնա։ Մի օր իշխանությունը փոխվելու է և անշուշտ ծագելու են հարցեր։ Նման մասշտաբի ազգային աղետներից հետո միշտ լինում է ազգային ռազբորկա, և ցանկացած հաջորդ իշխանություն գնալու է մեծ փողերի հետևից՝ քանդված երկիրը վերականգնելու, անհայր, անտուն մնացած տասնյակ հազարավոր ընտանիքներին օգնելու, սպային արժանապատիվ վարձահատույց լինելու, հերոսների ընտանիքներին արժանի կյանք ապահովելու և ի վերջո՝ սոցիալական արդարությունը ինչ-որ չափով վերականգնելու համար։ 

4 months, 3 weeks ago


Ձևակերպել մեր հետագա գոյությունը

Պատերազմից և Արցախի հայաթափումից հետո մենք ազգային սնանկության բացառիկ պատմական փուլում ենք. չգիտենք անելիքը, չենք պատկերացնում հետագան։
Կա Նիկոլ, որն առաջ է քաշում «խաղաղության պայմանագիր» թեզը, թեև ինքն էլ վստահ չէ՝ կլինի՞ այն, թե ոչ, առավել ևս չգիտի, թե ինչ է մեզ սպասում հետո։
«Խաղաղության պայմանագիր» և Նիկոլ մերժողներն էլ հասարակությանը չեն առաջարկում այլ խելամիտ լուծում, ապագայի այլ մոդել,  հետպատերազմյան վերականգնման ստրատեգիական այլ տարբերակ։
Հասարակությունը սկսում է փախչել իրականությունից, ատոմիզացվում է և մերժում ամեն ինչ։
Ալիևը սա լավ հասկանում է, և գրեթե բառացիորեն ասում է, որ խաղաղություն հնարավոր է, եթե Հայաստանը ընդունի ներկա և ապագա իր պատմական ամլության փաստը՝ առանց նպատակ, առանց երազանք, առանց հիշողություն, առանց իրավունքի զգացում՝ հայրենիքի և նրա հոգևոր ժառանգության հանդեպ։ Մեզնից ուզում են ստանալ «անասունների հասարակություն»։
Սա պարտությունից հետո պարտադիր ընթացք չէր, և այս իրավիճակից կարելի էր խուսափել։ Բայց 2021թ-ին հայկական 680 հազարանոց էլեկտորալ բանակը աֆեկտի տակ հարձակվեց պետականության վրա։
Վերջին օրերին եկեղեցու երկու բարձրաստիճան և հեղինակություն վայելող հոգևորականներ խոսեցին ռևանշի գաղափարի մասին։ Սա եզակի փորձերից էր՝ մեր անիմաստ ներկային արժեք, գաղափար, տեսլական տալու։
Սա անմիջապես նկատեցին Ադրբեջանում։ Հայաստանում «ռևանշ» բառից, ինչպես բորոտից, սարսափում են քրոնիկ ՔՊ-ականները՝ առանց ընկալելու, թե ինչ է դա։
Ռևանշ նշանակում է վերականգնվել որպես մարդ, վերականգնվել որպես արժանապատիվ հասարակություն, որպես ապագա ունեցող պետություն, հոգևոր արժեքներ ունեցող հայկական աշխարհ։ Ռևանշ որևէ կերպ չի նշանակում նոր պատերազմ։ Ավելին, ռևանշի վերջնական նպատակը բոլոր հարևանների հետ, և գուցե առաջին հերթին Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատումն է։ Բայց ռևանշ նշանակում է նաև  հոգևոր և պատմական հիշողություն, և իրավունք՝ Արցախի մեր շքեղ քաղաքների ու գյուղերի, Ամարասի, Գանձասարի, մեր նախնիների ու մեր հերոսների գերեզմանների, մեր տների հանդեպ։
Շատ լավ է, որ մեր հոգևոր հայրերը գնացին այդ բառը օգտագործելու ճանապարհով, և դա նաև պատվեր է քաղաքական և քաղաքացիական միավորներին՝ ձևակերպելու մեր գոյատևման այլ, գուցե ավելի լավ բանաձևեր։ Հենց սրա բացակայությունն է Նիկոլի՝ առ այսօր իշխանության մնալու գաղտնիքը, Ադրբեջանի անհատակ պահանջների պատճառը։
Պատերազմից հետո Ռ. Քոչարյանը, կարծեմ՝ Պոզների հաղորդման ժամանակ, ճիշտ ձևակերպում էր գտել. «Չափից դուրս անարդար խաղաղությունը չի կարող տևական ու մշտական լինել»։
Սա կարող էր դառնալ հեպատերազմյան բանակցությունների մեր նարատիվը, մեր բանակցային դիրքավորումը, որը հասկանալի կլիներ թե´ միջնորդների, թե´ հակառակորդի համար, և ամենակարևորը՝ հայ հասարակությանը մեջքն ուղղելու հնարավորություն կտար։ «Արժանապատիվ խաղաղությունը» այս կոնցեպտի խտանյութն էր։ Բայց Ռ. Քոչարյանը հետագայում հետ քաշվեց, ցավալիորեն չզարգացրեց պետության համար կարևոր այս գիծը։
Այսօր կա Ադրբեջան, որն ունի ստրատեգիական մտածողություն, գիտի՝ ինքն ինչ է ուզում 5-15-25 տարվա կտրվածքով, ու կա Հայաստան, որի մտածողության և հաշվարկի հորիզոնը 5 շաբաթից այն կողմ չի անցնում։
Ալիևը չի մեղավոր, որ մեր քաղաքական միտքն առաջ չանցավ «Հայաստանն առանց թուրքի» անպտուղ վանկարկումից։ Ավելին, մեր պարզունակությամբ փոքր Հայաստանը կիսեցինք ռուսամետների և արևմտամետների կեղծ բարիկադով՝ չհասկանալով, որ իրական պրոցեսը Թուրքիան է տանում։
Այսօր արդեն մոլորված ժողովրդի կոնսոլիդացիոն հիմնական իդեան պետության մերժումն է՝ իր տարբեր դրսևորումներով։
2021-2023 թթ. ողբերգությունների պատճառը մեր պետական մտածողության անկարողությունն էր՝ իրավիճակը հասկանալու և նպատակները ձևակերպելու։ Դա պետական դրեյֆի ու իմպուլսիվ պատեպատ խփվելու հիմքն էր, և դա էլ լինելու է նաև մեր առաջիկա կորուստների պատճառը։
Ինչպե՞ս սա թույլ չտալ. այս իշխանության ձեռքից պետք է վերցնել մեր ապագան կերտելու մենաշնորհը։ Դա արվում է բացառապես խելքով՝ այլ լուրջ կոնցեպտ առաջ քաշելով և դիմացը լուրջ համակարգ դնելով։

Հ.Գ
Նիկոլը երեկվա հարցազրույցում ոչ մի պատահական բան չի ասել. դա առաջիկա Հայաստանի իր պատկերացումն է, որը 100 տոկոսով տեղավորվում է Բոլթոնի խորհրդի սահմաններում՝ «հրաժարվել պատմական կարծրատիպերից»։ Սա Նիկոլի մոդելն է, իսկ մյուս, ալտերնատիվ մոդելը մինչ այս պահը, ցավոք, ձևակերպված չէ։ Խաղասեղանին մեր պետությունն է։

4 months, 3 weeks ago


Ով պիտի պատասխանի Զախարովային

Եթե Հայաստանում լիներ առողջ, հեռանկարային ինստիտոցիոնալ ընդդիմություն, այն այսօր պարտավոր էր պաշտոնապես պատասխանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին՝ երեկվա հայտարարության առիթով։
Պետության շահն է պահանջում, որ հենց ընդդիմությո´ւնը պատասխաներ, որպեսզի Ռուսաստանում ֆիքսեին, որ Հայաստանը միայն օրվա արկածախնդիր իշխանությունը չէ, այլ՝ տարբերվող օրակարգով ու տեսակետներով ընդդիմություն։
Եթե մենք ունենայինք այնպիսի ընդդիմություն, որն իսկապես կարևորում է ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները, որը հասկանում է հարաբերությունների սրման ողջ ռիսկայնությունը, այնպիսի ընդդիմություն, որն ավելի լուրջ կլիներ, քան գործող իշխանությունը, ապա այն պետք է արձագանքեր ՌԴ ԱԳՆ-ին։
Խոսքն այնպիսի ընդդիմություն մասին է, որը ոչ թե սպասում է Մոսկվայից «փոստատարի լուրին», այլ ունակ է ասելու Մոսկվային, որ հայ հասարակության մեջ մի շարք լուրջ հարցեր կան, և մենք դրանք ձևակերպում ենք, ու որ այդ հարցերի համատեղ քննարկումն ու լուծումներ գտնելն է հենց հայ-ռուսական օրակարագը։
Իսկ Զախարովայի հայտարարությունը բազմաթիվ կիսաճշմարտություններ է պարունակում, ոչ ճիշտ շեշտադրումներ։ Եվ նրանք, ովքեր իսկապես կողմ են հայ-ռուսական առողջ, դաշնակցային հարաբերություններին, պարտավոր են դա ասել։
Հակառակ դեպքում Հայաստանից երկու ուղերձ է գնում Ռուսաստան՝ կա´մ իշխանական՝ «մենք ձեզ համարում ենք միակ մեղավորը», կամ հակառակ՝ « Ինչ ասեք՝ կանենք»։
Որպես հետևանք՝ հայ հասարակության մեջ աճում են հակառուսական տրամադրությունները։ Ընդհանրապես երկրում ստեղծվում է իռացիոնալ մթնոլորտ՝ թացն ու չորը խառնված իրար, փակուղի։
Ու նաև հենց այս վիճակից դուրս գալու համար են պետք նոր ձևաչափեր, կոնսոլիդացիոն նոր համակարգեր, նոր թիմեր՝ նոր պատկերացումներով, նոր մոտեցումներով, գաղափարներով։ Այդ համակարգերը պետք են նրա համար, որ կասեցնեն վտանգավոր զարգացումները և իրենք գեներացնեն նոր գաղափարներ, ոչ թե ընկնեն այս վտանգավոր հոսանքի մեջ, որին տրված՝ քշվում է ամբողջ հասարակությունը։ Իսկապես, ներկայի ու անցյալի չդադարող կռիվը մեզ սարքում է անբան հասարակություն՝ մսխելով ապագան։ Բայց մեզ ապագա է պետք։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

4 months, 4 weeks ago


Մենք ունենք շատ լավ հնարավորություններ, պարզապես «մենք» չկանք

Աղետի ծավալից ու մեր անլրջության պատճառով մենք արդեն դադարել ենք հասկանալ, որ բառիս բուն իմաստով,  մի ամբողջ ազգով ապրում ենք վառոդի տակառի վրա։
Իշխանություն, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի զգում՝ ո´չ պատերազմի, ո´չ խաղաղության։ Կնքվող պայմանագրի համար չի կրում, ձախողված պայմանագրի համար՝ նույնպես։
Զոհի համար չի զգում պատասխանատվություն, Արցախի համար չի զգում։
Անցյալի համար պատասխանատվություն չի զգում, ապագայի համար՝ չի զգում։
Սա իշխանություն է, որի միակ կենսական գենը՝ պատասխանատվությունը ուրիշների վրա գցելն է։ Սա ստիպում է մտածել. իսկ արդյո՞ք մենք որպես ամբողջական պետություն կանք։
Մի 15-20 հոգի է, որ փորձում է ռացիոնալ տեքստ ու միտք ասել, դեռ չի հոգնել, չի հուսահատվել։ Փորձում է չընդհատել հասարակության հետ երկխոսությունն ու պատասխանատվությամբ անել իր գործը՝ զգուշացնել ռիսկերի մասին ու նշել լուծումները։ Մարդու համբերությունն ու մարդկային ռեսուրսներն էլ, սակայն, անսպառ չեն, ու մենք էլ ենք հուսահատվում տոտալ անմիտ միջավայրում մի բան փոխելու մեր ջանքերից։
Պետությունը հենց նրա համար է, որ այդքան անմիտ չլինի հասարակությունը, և այդքան դեգրադացված չլինի հանրային կյանքը։
Քաղաքացուն մեղադրելուց առաջ պետք է իրականությանը նայել քաղաքացու աչքերով։ Իսկ նրա աչքերում իշխանություն-ընդդիմություն «երկխոսությունը» այսպիսի բովանդակություն ունի. իշխանությունը ասում է «էսքան թալանել եք», ընդդիմությունը պատասխանում է «Էդքան չի, թվերը ճիշտ չեք ասում» կամ ընդհանրապես ասում է՝ «սուրբ ենք»։ Այս դիալոգում քաղաքացին անելիք չունի,  ու փակվել է իր տանը։
Մենք ունենք անկյունաքարային հարց. ինչի՞ մասին է մեր իրականությունը, ինչի՞ մասին է լինելու մեր ապագան։
Ի՞նչ անենք, որ այն դարձյալ չլինի թալանի, զոհերի, կորուստների մասին։
Այսօրվա բոլոր նախադրյալները տանում են վատ սցենարների՝ անպատասխանատու և անբան իշխանություն, ինքն իր համար՝ ոչ մի բանի մասին ընդդիմություն, շվարած-քանդված հասարակություն։
Այս պայմաններում արվում են սխալներ, որոնք հիմք  են դնում առաջիկա կորուստներին. աշխարհում երևի միայն Հայաստանի իշխանությունն է, որ կարող է միաժամանակ կարևորել ու հանձն առնել խնդիրները լուծել տարածաշրջանային 3+3 ձևաչափում, միաժամանակ իր անվտանգության հույսը դնել արտատարածաշրջանային կենտրոնների (Բրյուսել, Վաշինգտոն) վրա։ Այն դեպքում, երբ 3+3-ի  բոլոր կողմերը՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Արդբեջան, Հայաստանին զգուշացնում են՝ չանել դա։
Ակնհայտ է, որ այս և մյուս կոպիտ սխալները պետությունը տանում են նոր վթարի։ Ու ինչպես մեկ տարի առաջ, երեք տարի հետո նույնպես չունենք մեխանիզմներ ու քաղաքական ձևաչափեր, որոնք կկասեցնեն սխալ ընթացքը։ Այսօր, նույնիսկ այս վիճակում, կան բազմաթիվ հնարավորություններ, որ մենք ունենք ու կարող են օգտագործել։ Խնդիրը մեկն է. այդ «մենքը» չկա։ Ո´չ իշխանությունն է այսօր երկրի «մենքը», ո´չ էլ իշխանությունից դուրս է այդ գործուն, ակտիվ, նախաձեռնող «մենքը» ձևավորվում։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

6 months, 2 weeks ago

Wall street journal опубликовал обширную статью вокруг последних событий внутри и вокруг Армении. У нас была довольно длинная беседа с автором материала Ярославом Трофимовым, из которой в статье он использовал один фрагмент, который представляю ниже (перевод с английского).
Как дополнение хочу отметить, что сегодняшнее резкое и чересчур опасное ухудшение армяно-российских отношений является очередной серьезной авантюрой, и действительно важно удержать нашу страну подальше от этой авантюры. Это совершенно не вопрос простого предпочтения между Россией и Западом, и задача деятелей и кругов с государственным мышлением - особенно в этом вопросе воздержаться от популизма.

"Надвигающаяся экзистенциальная угроза означает, что страна должна избегать прямого разрыва с Москвой, сказал Ваге Оганнисян, бывший депутат и лидер оппозиционной платформы «Группа альтернативные проекты».

«Полностью испортить отношения с Россией, не получив никаких гарантий Запада о национальной безопасности и о предотвращении турецко-азербайджанского военного вторжения? Это прямой путь к самоубийству», — сказал он. «Мы не можем превратить Россию во врага. Да, возможно, это не лучший союзник. Но он может быть грозным противником»."

We recommend to visit

✔Մեր լինքը, որով կարողեք հրավիրել ձեր ընկերներին👨‍💼 @tarmgifts

✔Գովազդի համար @Hrr06hh @miiliionn

Last updated 1 month, 3 weeks ago

❤️‍🩹. @ananyannn

Last updated 18 hours ago

@reklamasrtov
канал не продается!!!

Last updated 2 days ago